
Տիեզերական հիվանդանոցում,
Վերակենդանացման բաժանմունքում,
Հայկն է ԲԵԼախտով վարակված`
Արարչի կողմից վիրահատվում...
Ատելությամբ կուրացած,
Հայհոյելով թշնամիներին,
Թպրտում է նա չարացած
Վիրահատական սեղանին...
Վիճակը ծանր է և անհուսալի,
Միջոցներն էլ կտրուկ և ցավալի`
Ճգնաժամ և պատերազմ...
Համավարակ և երկրաշարժ`
Վերև - ներքև, հետ - առաջ...
Չի արթնանում Հայկը թմրած։
Վերև - ներքև, ձախ - աջ...
Չեն սթափվում մարդիկ հարբած։
Հպարտությանը հարազատանալով`
Մեղքերի բեռը շալակած...
Ապաշխարությանը թշնամանալով`
Հույսը, հավատը արժեզրկած...
Ամեն ինչից հիասթափված,
Դժգոհությունը որդեգրած,
Հոգսերի տակ կքած,
Ինքներս մեր մեջ կիսված
Կանգնել ենք մենք փաստի առաջ
Եվ այլևս բժշկություն մեզ չմնաց...
Այնքան խնկարկեցինք ինքներս մեզ,
Որ մեր "եսը" Երկինքը վարագուրեց...
Իսկ հիմա կարևորը թողած,
Մեղավորներ են բոլորը փնտրում...
Էլ չգիտեն, որ մեղավորը մեկն է`
Նա թաքնվում է հայելում։