
Հարձակում, հարձակում...
Առավոտյան, սուլոցով լսվեց:
Քամին, առաջացնելով իրարանցում,
Տագնապալի լուրը հասցրեց`
Ձմռան առաջավոր զորքերը
Գրավել են լեռնագագաթները,
Բլուրների վրա դիրքավորվել,
Հարթավայրերն են նշանառել...
Բոլորը տարակուսած են, չգիտեն,
Անձնատուր լինեն, թե պաշտպանվեն:
Մի մասը` ազատագրում են խոստանում,
Մյուսները` ոչնչացումով վախեցնում...
Քամին, ուժերը արագ գնահատելով,
Դասալքեց, վեկտորը փոխեց
Եվ արդեն հարձակմանը օգնելով,
Ձմռան բանակին անդամակցեց։
Աշնան բոլոր պատվարները սասանվեցին,
Մառախուղը կուրացրեց, ցուրտը շղթայեց,
Արևը ամպերի հետևում թաքնվեց,
Սառնամանիքը հարվածեց և տապալեց։
Եվ չդիմանալով ձմռան բուռն գրոհին,
Ընկավ աշունը, ընկավ, բայց չմահացավ`
Բացելով թևերը, ինչպես Փյունիկ,
Վսեմաբար, վեր ճախրեց և հեռացավ...
